Լահդար Բրահիմին մայիսի 31-ին կհեռանա ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցչի պաշտոնից՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Խորին ափսոսանքով ստիպված եմ հայտնել, որ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ խորհրդակցությունների արդյունքում ես որոշել եմ խնդրել Լահդար Բրահիմիին՝ հրաժարական տալ», - ասել է Պան Գի Մունը: Նա հիշեցրել է, որ երկու տարի Բրահիմին փորձել է հասնել Սիրիայում կատաղի քաղաքացիական պատերազմին վերջ դնելուն՝ դրսևորելով համառություն, դիվանագիտական ունակություն և հսկայական համբերություն: Լահդար Բրահիմին վստահ է, որ հակամարտությունը վաղ թե ուշ ավարտվելու է: «Բոլոր նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում իրավիճակի համար և կարող են ներգործել, պետք է հիշեն, որ հարցն այն է, թե որքան մարդ է դեռ զոհվելու մինչև Սիրիան նորից չդառնա այն Սիրիան, որ մենք գիտեինք, սիրում էինք և հիանում»,- ասել է նա:
Հեռանալուց առաջ Բրահիմին բացահայտել է Սիրիայի հարցով Իրանի առաջարկը. «Իրանը 4 կետ է առաջարկել՝ կրակի դադարեցում (իշխանության և ընդդիմության կողմից), ազգային միացյալ կառավարության ստեղծում, Սահմանադրության վերանայում՝ նախագահի լիազորությունները նվազեցնելու նպատակով, և նախագահական ընտրությունների անցկացում»։ Նրա խոսքով՝ գաղափարը հետաքրքիր է և հնարավոր է՝ քննարկվի։ Բրահիմին խոսել է լրագրողների հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հարցով փակ նիստից հետո, որի ընթացքում պաշտոնից հեռանալուց առաջ ներկայացրել է վերջին զեկույցը։
«Ես առաջարկել եմ 7 հարց, որոնք պետք է քննարկեն: Եթե առաջարկս ընդունվի, կհանգեցնի խաղաղ գործընթաց սկսելուն։ Ժնևյան կոմյունիկեն մնալու է կենտրոնում»,-ասել է Բրահիմին։ Պան Գի Մունը դեռ չի որոշել, թե ով կփոխարինի Լահդար Բրահիմիին Սիրիայի հարցով պատվիրակի պաշտոնում: